2025 թ. հոկտեմբերի 20-25-ը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի պատվիրակությունը՝ ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ղեկավարությամբ մասնակցեց Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի կազմակերպած «Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները XVIII–XX դարի սկզբի ռուս-թուրքական պատերազմների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Սարիղամիշի ճակատամարտի 110-ամյակին։ Համաժողովին հրավիրված էին նաև գիտնականներ և ուսանողներ Վրաստանի Հանրապետությունից ու Ռուսաստանի Դաշնության տարբեր գիտակրթական հաստատություններից։

Գիտաժողովի շրջանակներում պատվիրակության անդամները մասնակցեցին նաև նույն խորագիրը կրող Երրորդ միջազգային երիտասարդական դպրոցի աշխատանքներին։
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ դասախոսություններով՝ երիտասարդական դպրոցի շրջանակում և Հյուսիսկովկասյան համալսարանի ուսանողների համար, ինչպես նաև «Հայաստանը Ռուսական կայսրության ժողովրդագրական քաղաքականության համատեքստում» թեմայով զեկուցմամբ՝ միջազգային գիտաժողովի լիագումար նիստում, հարցազրույցներ տվեց Ստավրոպոլի երկրամասի տարբեր հեռուստաընկերությունների, պաշտոնական հանդիպումներ ունեցավ համալսարանի ռեկտոր Տատյանա Շահբուզովայի, Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Կրյուչկովի, Հայրենական պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինա Կոլեսնիկովայի և այլ գործընկերների հետ։ Պատմության ինստիտուտի աշխատակիցներ, պ.գ.թ. Կարեն Մկրտչյանը և Հովիկ Ավանեսովն ակտիվորեն մասնակցեցին դպրոցի աշխատանքներին՝ ընդգրկվելով քննարկումներում և թեմատիկ նիստերում։ Միջոցառումներին մասնակցում էին նաև ուսանողներ Երևանի պետական համալսարանից և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական համալսարանից։ Զեկուցումներով և դասախոսություններով հանդես եկան նաև Հայկական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը և Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Լուսինե Ամիրջանյանը։ Ցուցադրվեց տեսաֆիլմ Երևանի և Երևան քաղաքի պատմության թանգարանի մասին։
Միջոցառման ընթացքում հայկական պատվիրակությունն այցելեց տեղի հայկական եկեղեցի, հանդիպում ունեցավ Ստավրոպոլ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ հայ համայնքի մշակութային և գիտակրթական գործունեության, Հայաստան-Ռուսաստան կապերի հետագա ամրապնդման վերաբերյալ։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը բարձր է գնահատում նման միջազգային հարթակներում իր մասնակցությունը, ինչը նպաստում է գիտական կապերի և համագործակցության ընդլայնմանը։ Այս նախաձեռնությունները կարևոր են երիտասարդ գիտնականների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալ միջազգային լսարանի առաջ, ձեռք բերել մասնագիտական փորձ և հաստատել գիտական կապեր արտերկրի գործընկերների հետ։
Молодые ученые-историки встретились в Ставрополе - ГТРК «Ставрополье» ВЕСТИ Ставропольский край

