2026 թ․ մարտի 28-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» մենագրության շնորհանդեսը։
Միջոցառումը բացեց Պատմության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանը՝ ընդգծելով աշխատության գիտական արժեքը և հարուստ պատկերաշարը։ Շեշտվեց, որ գիրքը հրատարակվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով։
Ներկայացնելով մենագրությունը՝ Կարեն Թոխաթյանը նշեց, որ աշխատության մեջ ամփոփված է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման շուրջ 140-ամյա պատմությունը։ Քննության են առնված ժայռապատկերների բովանդակությունը, գործառույթներն ու տեսակները, ինչպես նաև վերլուծված է դրանց իմաստաբանությունը, համեմատական մոտեցմամբ ներկայացված է նաև դրանց կապերը հայ մշակույթի տարբեր ոլորտների հետ։ Նա անդրադարձավ նաև ժայռապատկերների ուսումնասիրման գործում XIX դարի վերջի և XX դարի հետազոտողների ունեցած ներդրմանը։ Հեղինակի խոսքով՝ մենագրությունը ստեղծվել է շուրջ երեք տասնամյակի ընթացքում։ Թեմայի նկատմամբ հեղինակի հետաքրքրությունը ձևավորվել է դեռևս 1977 թվականից, իսկ 1994 թվականից՝ Պատմության ինստիտուտում աշխատանքի անցնելուց հետո, հետազոտությունները ստացել են համակարգված և գիտական բնույթ։ Աշխատության հիմնական արդյունքները նախ ամփոփվել են գիտական հոդվածների ու թեկնածուական ատենախոսության շրջանակներում, ապա այն զարգացվել և հրատարակվել է որպես առանձին մենագրություն։
Իրենց ելույթներում Կ․ Թոխաթյանի մենագրությունն արժևորեցին Պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, հեղինակի ընկեր՝ Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը, ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող Գոհար Վարդումյանը, նույն բաժնի վարիչ Միքայել Բադալյանը։
Միջոցառման ավարտին Կարեն Թոխաթյանը շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցողներին և Պատմության ինստիտուտին՝ գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար։

