2016 թ. հոկտեմբերի 22-23-ը Արցախի պետական համալսարանում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին:
Բացման խոսքով հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից մասնակցեցին չորս հոգի՝ պ.գ.դ. Հ. Աբրահամյանը (1988 թ. Շուշիի ողբերգությունը), պ.գ.դ. Է. Դանիելյանը (Արցախ-Խաչենի գահերեց իշխան Հասան-Ջալալ Դոլայի համահայկական քաղաքակրթական գործունեությունը), պ.գ.դ. Գ. Ստեփանյանը (Արցախահայերի դերը Բաքվի առևտրաարդյունաբերության զարգացման գործում. XIX դարի կեսեր-XX դարասկիզբ), պ.գ.թ. Մ. Հարությունյանը (Գիտության որոշ ճյուղերի զարգացումն Արցախում XVII դ. երկրորդ կեսին և XVIII դ. սկզբին):
Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր շրջաններից, այնպես էլ Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Գիտական աշխատանքները կազմակերպվեցին համապատասխան մասնագիտական մասնաճյուղերում, որոնք ընթացան հետաքրքիր հարցադրումներով և բուռն քննարկումներով:
Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվեցին Պատմության ինստիտուտի կողմից ԱրՊՀ-ին նվիրված գրքերի (29 հատ, վերջին երկու տարիներին հրատարակված) և ԱրՊՀ գրքերի ցուցահանդես, էքսկուրսիա՝ Արցախի «Տիգրանակերտի արգելոց»: