ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայ ազգային-ազատագրական շարժման փակ էջերը հետզհետե բացվում են և պատմական ճշմարտությունը հասու է դառնում հայ ընթերցողներին: Փետրվարի 17-ին պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գևորգ Ստեփանյանի «Համազասպ Սրվանձտյանց» գրքի շնորհանդեսը:

Հայ պատմագիտական միտքը հարստացավ ևս մեկ արժեքավոր աշխատությամբ, որի հեղինակը պատմագիտության դոկտոր, պրո‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆեսոր, հայ գաղթoջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանն է: Նրա հեղինակած «Համազասպ Սրվանձտյանց» վերնագրով աշխատությունը լույս է ընծայել Երևանի «Լուսակն» հրատարակչությունը: Այն ընդգրկում է 1088 էջ: Գրքի հրատարակությունը իրագործվել է Հ.Յ.Դ. Սպահանի կենտրոնական կոմիտեի կողմից:

Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ընդգծեց, որ հայ պատմաբանները պարտավոր են հետագա սերունդներին ներկայացնել ամբողջական ճշմարտությունը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական շարժման և նրա անձնուրաց գործիչների մասին: Ըստ նրա, այդ առումով շատ կարևոր ու մեծ աշխատանք է կատարել պատմաբան Գ. Ստեփանյանը՝ ընթերցողի գրասեղանին դնելով հայկական ազատամարտի անզուգական հերոս Համազասպ Սրվանձտյանցի կյանքին ու գործունեությանը վերաբերող սույն արժեքավոր գիրքը: Աշխատության կարևորության ու արդիականության նշանակության մասին ծավալուն խոսք ասացին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պատմագիտության դոկտոր Գայանե Մախմուրյանը, Հ.Յ.Դ. Գերագույն մարմնի մամլո պատասխանատու Արտաշես Շահբազյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմագիտության դոկտոր Կարեն Խաչատրյանը, պատմագիտության դոկտոր Գևորգ Խուդինյանը, Համազասպ Սրվանձտյանցի ծոռնուհին՝ Նինա Ցագարելին:

Հանդիսության ընթացքում հայկական ազատամարտին նվիրված երգերի կատարումներով հանդես եկավ ճանաչված երգիչ Սահակ Սահակյանը: Վերջում խոսք ասաց աշխատության հեղինակը: