2017 թ. մայիսի 8-ին ԱրՊՀ-ում կայացավ գիտաժողով՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարբեր կրթական հաստատություններից ներկայացուցիչներ: Գիտաժողովի մեկնարկից առաջ մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին, ապա մասնակցել ԱրՊՀ նախասրահում բացված ցուցահանդեսին (նվիրված էր Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին):
Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ողջույնի խոսքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, գիտական զեկուցումով՝ ԱՀ ԱԺ փոխնախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը: Բանախոսը արժևորելով Շուշիի տեղն ու դերը հայոց քաղաքակրթության համակարգում՝ մի շարք պատմաիրավական փաստերով ընդգծեց հայ ժողովրդի՝ քաղաքի հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական կյանքում ունեցած ներդրման մասին: Լիագումար նիստի ավարտին ցուցադրվեց՝ Վ. Բաղրյանի «Թերթելով պատմության էջերը» վավերագրական ֆիլմաշարից Շուշիի ազատագրման մասին պատմող հատված: Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից մասնակցում էին պ.գ.դ.., պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանը (Շուշիի ինքնավարության հարցի շուրջ), պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը (Սիմեոն Տեր-Մինասյանի մանկավարժական և հասարակական գործունեությունը), բ.գ.թ Մարիամ Հովսեփյանը («Շուշիի Առանձին հրաձգային գումարտակի մարտական ուղին (1991-1994 թթ.)»:), պ.գ.թ. Մարինե Հարությունյանը (Շուշիի բարեգործական ընկերությունների մշակութային գործունեությունը XIX դ. երկրորդ կեսին): Բանախոսներն իրենց զեկուցումներում, արժեքավոր փաստերով ուրվագծելով հայկական երկու հանրապետությունների անցած պատմական ուղին, հանգամանորեն անդրադարձան Շուշիի ինքնավարության հետ առնչվող որոշ հարցերին, մշակույթի տարբեր գործիչների և հասարակական մի շարք ընկերությունների բարեգործական աշխատանքներին:
Գիտաժողովի ամփոփ աշխատանքներից հետո, ներկայացվեցին հետաքրքիր և բազմաբովանդակ մշակությաին միջոցառումներ: