2017 թ. հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն» վերնագրով հանրապետական գիտաժողովը:
Գիտաժողովը բաղկացած էր երկու նիստից, առաջինը նվիրված էր պատմական, իսկ երկրորդը՝ արդիական հիմնահարցերին:
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան մի շարք անվանի դոկտորներ, թեկնածուներ ու հետազոտողներ:
Գիտաժողովին մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ ՊԻ երկու գիտաշխատողներ՝ «Հայ գաղթավայրերի և Սփյուռքի բաժնի» աշխատակիցներ, պատմագիտության թեկնածու Քնարիկ Ավագյանն ու Անի Ֆիշենկճյանը։
Քնարիկ Ավագյան «Սիրիայի հայ համայնքի ճգնաժամը համասփյուռքյան առաջնահերթությունների վերարժևորման առիթ» զեկուցմամբ կարևորեց այն, որը սփյուռքում իրական հայապահպանության միակ սևեռուն նպատակը պետք է լինի հողապահպանությունը՝ սփյուռքահայ սերունդներին գաղափարապես, ֆիզիկապես և նյութապես ուղղորդելու բացառապես Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև` հերոսների արյան գնով ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` Արցախ, անսակարկ (առանց կուսակցա-գաղափարա-քաղաքական նկրտումների)։
Անի Ֆիշենկճյան «Պատերազմը Սիրիայում. մարդասիրական, բարեսիրական և այլ կազմակերպությունների օժանդակությունը սիրիահայությանը» զեկուցման մեջ նշեց Սիրիայի պատերազմի վեց տարիներին ընթացքում հայերին օգնության փութացող, և համայնքից, և Սփյուռքի զանազան վայրերից, կազմակերպություններն ու բարեսիրական մարմինները։ ինչպիսիք էին Սուրիահայության Շտապ Օգնության եւ Վերականգնումի Մարմինը (ՍՇՕՎՄ), Բերիոյ Հայոց թեմի «Դպրոց» հիմնադրամը, Սուրիո հայության զորակցության միացյալ մարմինը և այլն։
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ քննարկում և արդյունքների ամփոփում։