Հոկտեմբերի 25-ին շարունակվեցին «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովի աշխատանքները «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ բաժանմունքներում։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում գիտական կառույցների ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի մասնագետներ իրենց զեկուցումներում նոր մոտեցումներով և փաստերով ներկայացրին Մխիթարյանների գործունեությունը, անդրադարձան նրանց թողած գիտական հարուստ ժառանգությանը։
Գիտաժողովի ավարտին գումարվեց լիագումար նիստ, որը վարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Գևորգ Ստեփանյանը։ Թեմատիկ բաժանմունքների նախագահողները (պ.գ.դ.Գևորգ Ստեփանյան, պ.գ.թ. Արմեն Մարուքյան, արվ.դ. Արարատ Աղասյան, բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյան, բ․գ․թ․ Սուսաննա Հովհաննիսյան) հաղորդումներ ունեցան բաժանմունքներում հնչած զեկույցների վերաբերյալ և ներկայացրին քննարկումների արդյունքում առանձնակի ուշադրության արժանացած բաց հարցերը։
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը: Նա շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Զեքիյանը բարձր գնահատականի արժանացրեց նաև գիտաժողովի մասնակիցների աշխատանքը, մասնավորապես այն, որ վերջիններս իրենց զեկույցներում չեն բավարարվել աղբյուրների սահմանափակ թվով և փորձել են բազմակողմանի ուսումնասիրություն անել Մխիթարյանների գործունեության վերաբերյալ։ Հատկապես հուզիչ էր զեկուցողներից Լուսինե Ավետիսյանի ելույթը գրաբարով ։
Լևոն արք. Զեքիյանը հավելեց, որ Մխիթար Սեբաստացին և նրա հավատարիմ աշակերտները գիտնական և արվեստաբան լինելուց առաջ կրոնավորներ էին և շատ ուրախալի է, որ գիտաժողովի ընթացքում չստվերվեց այդ հանգամանքը: Զեքիյանը մատնանշեց նաև, որ Մխիթարյան միաբանությունը՝ իր ամբողջ ժառանգությամբ հանդերձ, ոչ մի պետության չի պատկանում։ Ողջ գործունեության ընթացքում, քաղաքական ամենաբարդ իրավիճակներում անգամ միաբանությունը պահպանել է իր գոյությունն ու անկախությունը։ «Մխիթարյան միաբանությունը կանգուն կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ կլինեն Մխիթարյան միաբաններ»,- ամփոփեց Զեքիյանը։
Շարունակելով Զեքիյանի խոսքը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հավելեց, որ Մխիթարյան միաբանության, նրա հոգևոր և առավել ևս նյութական ժառանգության տերը հայ ժողովուրդն է։ «Ինձ հատկապես ուրախացրեց այն, թե ինչպես են գիտաժողովի երիտասարդներ մասնակիցներըը առանձնակի հետաքրքրություն և պատկառանք տածում Մխիթայան միաբանության և նրա գործիչների նկատմամբ։ Երիտասարդ սերունդը տիրոջ ու իրավահաջորդի դիրքերից հանդես եկավ Մխիթարյան Միաբանության նկատմամբ»։ Մելքոնյանը կարևորեց նաև հայապահպանության հարցում Մխիթարյանների բազմադարյա ավանդը արժանի գնահատանքի արժանացնելու հանգամանքը՝ ցավով նշելով, որ տարիներ առաջ Մխիթարյան հայրապետի անունով փողոցի անվանակոչության հարցը ձախողվեց։ «Իրականում Հայաստանում և Սփյուռքում գործող բոլոր հայագիտական կենտրոնները սովորելու շատ բան ունեն Մխիթարյան միաբանությունից»,- ասաց Մելքոնյանը։
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնելով միջազգային գիտաժողովի կազմակերպիչ կառույցներին արդյունավետ համագործակցության համար և նշեց. «Մենք ընդունում ենք Մխիթարյանների անունով Երևանում փողոց անվանակոչելու առաջարկը և Հայաստանում Մխիթարյանական ընթերցումներ և գիտաժողովներ պարբերաբար կազմակերպելու անհրաժեշտության գաղափարը»:
«Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովի զեկուցումները կտպագրվեն՝ այդ կերպ հասարակության լայն շրջանակներին հասցնելով գիտաժողովի ձեռքբերումները։ Մասնակիցները հույս հայտնեցին, որ Մխիթարյանների գործունությանը վերաբերող միջոցառումները կկրեն շարունակական և հաճախակի բնույթ։