2017 թ. հոկտեմբերի 19-20-ը Գորիսի պետական համալարանում տեղի ունեցավ «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 50-ամյակին:
Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ հանրապետության շուրջ մեկ տասնյակ գիտական ու գիտակրթական հաստատություններից՝ ՀՀ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Հ. Աճառյանի անվան լեզվի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտներից, Գորիսի պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտից, Սպահանի համալսարանից, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանից, Հայաստանի ազգագրության թանգարանից, ԼՂՀ պետական արխիվից, ՀՀ Մշակույթի նախարարությունից: Գիտաժողովը նպատակն էր մեկտեղելու Սյունիքի պատմամշակութային հարուստ ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին, արժևորելու և ամփոփելու այս բնագավառում կատարված աշխատանքները:
Գիտաժողովն ընթացավ չորս մասնախմբերում՝ ա) Պատմություն, հնագիտություն, ազգագրություն, արվեստ, բ) Բանասիրական ուսումնասիրություններ, գ) Կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները, դ) Բնագիտական ուսումնասիրություններ: Հնչեցին շուրջ 80 զեկուցումներ: Գիտաժողովում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Հայ գաղթօջախների և Սփյուռքի բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Կրթական գործի սկզբնավորումը Գորիսում. Սբ Հռիփսիմեի եկեղեցական-ծխական դպրոցի պատմությունից»՝ լիագումար նիստում, «Զանգեզուրի գավառի առաջին պարբերական մամուլը. «Գավառ» շաբաթաթերթը»՝ մասնախմբում), Հայ պարբերական մամուլի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը («Գաղթը Սյունիքից Զմյուռնիա (17-18-րդ դարեր)»), ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը («Գորիսի «Սասուն» տպարանի գրահրատարակչական գործունեությունը (1909-1921թթ.)»), ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արծվի Բախչինյանը («Ծննդով սյունեցի երևելի գործիչներն աշխարհում»), գիտաշխատող, պ.գ.թ. Մարիամ Գրիգորյանը («Հայ իշխանուհիների եկեղեցաշինական և նվիրատվական գործունեությունը Սյունիքում»), կրտսեր գիտաշխատող Լիանա Նազարյանը («Սյունյաց եպիսկոպոս Մաթուսաղան և քաղկեդոնականության խնդիրը»), կրտսեր գիտաշխատող Վահե Սարգսյանը («Սյունիքն ըստ սեպագիր արձանագրությունների»):
Գիտաժողովը կազմակերպվել էր բարձր մակարդակով, մասնակիցների համար կազմակերպվել էին նաև մշակութային միջոցառումներ ու պատմաճանաչողական այցեր: