Տեղի ունեցավ «Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը

2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին։ Գիտաժողովի  կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը:

Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գրող, հրապարակախոս  Զորի Բալայանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների,  ԲՈՒՀ-երի ղեկավարներ, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր հետխորհրդային տարածքի հանրապետություններից: 

Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Գիտաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած արցախյան շարժման ակունքներում կանգնածների հիշատակը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքն ընթերցեց  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյան։ Լիագումար նիստին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան «Ռեգնում» գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովը և գլխավոր փորձագետ Ստանիսլավ Տարասովը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։