ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 50 ԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՅԱՆ 25-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ

2019 թ. մայիսի 25-ին լրացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Համլետի Խաչատրյանի ծննդյան 50 և գիտակրթական գործունեության 25-ամյա հոբելյանները: Մայիսի 27-ին, ժամը 14.00-ին գումարված ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստը նվիրված էր այդ իրադարձությանը:

Նիստի բացումը կատարեց և Պատմության ինստիտուտի աշխատակիցների անունից Կ. Խաչատրյանին շնորհավորեց ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա խոսեց հոբելյարի մարդկային, գիտական ու գիտակազմակերպչական հատկանիշների մասին՝ հատուկ ընդգծելով հարազատ ինստիտուտին Խաչատրյանի նվիրվածությունը:

Այնուհետև ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը ընթերցեց Կ. Խաչատրյանի գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ Ա. Մելքոնյանի և իր պատրաստած հոբելյանական տեքստը, որը մինչ այդ տպագրվել էր ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդես»-ի սույն թվականի առաջին համարում: Զեկուցողն իր խոսքում անդրադարձավ հոբելյարի կյանքի ու գործունեության առանցքային դրվագներին՝ ուսումնառությանը, 1998 թ. թեկնածուական և 2015 թ. դոկտորական ատենախոսությունների պաշտպանությանը, հրատարակած աշխատություններին, վարչական, գիտակրթական ու հանրային գործունեությանը և այլն:

  

Ելույթ ունեցան և Կ. Խաչատրյանին իրենց սրտի խոսքը ուղղեցին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պ.գ.դ. Ամատունի Վիրաբյանը, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Էդիկ Գևորգյանը, Պատմության ինստիտուտի արհկոմիտեի նախագահ, պ.գ.դ. Կլիմենտ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, Միջին դարերի պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արտաշես Շահնազարյանը, Հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ, հոբելյարի համակուրսեցի Լիլիթ Հովհաննիսյանը, Ընդհանուր պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Գագիկ Ժամհարյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը, ազատամարտիկ, պաշտոնաթող փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը և այլք: Է. Մինասյանը փոխանցեց նաև ԵՊՀ ռեկտորատի որոշումը՝ «Գիտության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար, աշխատանքային գործունեության 25-ամյակի և ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ» Կարեն Խաչատրյանին համալսարանի «Ոսկե մեդալ»-ով պարգևատրելու մասին: