Միջազգային համաժողով. «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները կրթության ոլորտում. ռուսերենով գիտահրատարակչական գործունեության խնդիրներն ու հեռանկարները»

2019 թ. սեպտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր  Ե. Մ. Կոժոկինի պաշտոնական հրավերով ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները կրթության ոլորտում. ռուսերենով գիտահրատարակչական գործունեության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովին:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին Ե.Մ. Կոժոկինը, ՄԳԻՄՕ-ի մագիստրոսական և միջազգային ծրագրերի գծով պրոռեկտոր Ա.Ա. Բայկովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Մ.Յու. Ռոմանովսկին և «Ռուսկի միր» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ս.Վ. Շուրիգինը:

   

Համաժողովում Կ. Խաչատրյանը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունում ռուսերենով գիտապատմական և ուսումնական գրականության հրատարակման խնդիրներն ու հեռանկարները» զեկուցմամբ: Նա մասնավորապես նշել է, որ Պատմության ինստիտուտի և նրա աշխատակիցների կողմից անկախության տարիներին ռուսերենով հրատարակվել են մոտ 9 տասնյակ աշխատություններ, մենագրություններ, փաստաթղթերի և նյութերի ժողովածուներ և այլն, ինչը կազմում է ընդհանուր հրատարակությունների մոտ 20%-ը: Եվ, որ այդ ցուցանիշով ակադեմիական ինստիտուտների շարքում Պատմության ինստիտուտը առաջատար դիրքերում է:

Ելույթում Կ. Խաչատրյանը անդրադարձել է նաև ինստիտուտի գիտակազմակերպչական գործունեությանը, ինստիտուտում գործող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի աշխատանքներին, նրա կողմից իրականացվող մագիստրոսական ծրագրերին և այլն, այնուհետև՝ պատասխանել ներկաների հարցերին: Քննարկումների արդյունքում նախանշվել են համագործակցության ծրագրեր:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ 

https://mgimo.ru/about/news/main/evrazijskie-integracionnye-processy-v-sfere-obrazovaniya/