2021 թ. սեպտեմբերի 19-21-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ և սեպտեմբերի 23-ին Երևանում շարունակվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին։ Այն կազմակերպել էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ։ Գիտաժողովին մասնակցում էին հայ և այլազգի շուրջ չորս տասնյակ գիտնականներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Հայաստանյան գիտնականների թվում ներկայացուցչական էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ութ գիտաշխատողների մասնակցությունը։
Ստեփանակերտ հասնելուն պես գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում զոհված մարտիկների շիրիմներին՝ ի նշան նրանց անմահ հիշատակի։
Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումը։ Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Ողջույնի խոսք ասացին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այնուհետև լիագումար զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պ. գ. դ., պրոֆ. Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ Ռուբեն Գալչյանը (Լոնդոն), պ. գ. դ., պրոֆ. Ալեքսան Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), իսկ սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտի (Գերմանիա) զեկուցումն ընթերցեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ. գ. թ., դոց. Լիլիթ Հովհաննիսյանը։ Գերմանացի պրոֆեսորի զեկուցումից հետո ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆ. Ալեքսանդր Մանասյանը։
Գիտաժողովի երեք մասնախմբային նիստերն ընթացան իրար զուգահեռ՝ ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում, ԱրՊՀ վարչական մասնաշենքում և ԱԺ փոքր դահլիճում երեք աշխատանքային լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ա մասնախումբն աշխատում էր «Պատմություն» խորագրի ներքո (նախագահողներ՝ Աշոտ Մելքոնյան, Վահրամ Բալայան, Ալեքսան Հակոբյան, պ. գ. դ., պրոֆ. Գևորգ Ստեփանյան (ՀՀ ԳԱԱ ՊԻ)): Բ մասնախմբի խորագիրն էր՝ «Պատմություն և մշակույթ» (նախագահողներ՝ պ. գ. դ., պրոֆ. Համլետ Պետրոսյան (ԵՊՀ), Լեռնիկ Հովհաննիսյան (ԱրՊՀ))։ Գ մասնախումբը կրում էր «Քաղաքագիտություն» խորագիրը (նախագահողներ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆ. Ալեքսանդր Մանասյան, պ. գ. դ., պրոֆ. Արմեն Մարուքյան (ՀՀ ԳԱԱ ՊԻ))։
Գիտաժողովի նիստերին մասնակցում էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ։ Զեկուցողները բարձրացրին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման, Արցախի իրավական կարգավիճակի վերջնական որոշման՝ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ անկախության ճանաչման հարցերը։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը գնահատելի ներդրում ունեցավ Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպման ու անցկացման գործում։ Ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը գիտաժողովի կազմկոմիտեի երեք համանախագահներից էր և լիագումար նիստում հանդես եկավ «Արցախը Հայոց պետականության հոլովույթում» ուշագրավ զեկուցմամբ։ «Պատմություն» մասնախմբում զեկուցումներով հանդես եկան՝ ինստիտուտի հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ. գ. դ., պրոֆ. Գևորգ Ստեփանյանը (««Մեծ Ադրբեջան»-ի համաթյուրքական հայեցակարգը, պատմություն և արդիականություն»), նորագույն պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պ. գ. դ. Գայանե Մախմուրյանը («Արցախի անկախության հռչակման ներքին և արտաքին նախադրյալները»), Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պ. գ. թ., դոց. Լիլիթ Հովհաննիսյանը («Արցախի պետականության պատմության լուսաբանումը Հայաստանի պատմագրության մեջ (1991–2020 թթ.)»)։ «Պատմություն և մշակույթ» մասնախմբում լսվեցին ինստիտուտի գիտաշխատող, բ. գ. դ., պրոֆ. Դավիթ Գասպարյանի «Գրական կյանքը Արցախում անկախության տարիներին. 1991–2021 թթ.» և նոր պատմության բաժնի գիտաշխատող, պ. գ. թ. Հասմիկ Ամիրջանյանի «Հայ եկեղեցու Ղարաբաղի թեմի կրթական կյանքի արտացոլումը «Արարատ» ամսագրում (1905–1920 թթ.)» վերնագրերով զեկուցումները։ «Քաղաքագիտություն» մասնախմբում զեկուցումներով հանդես եկան Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, պ. գ. դ., պրոֆ. Արմեն Մարուքյանը («2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաքաղաքական գնահատականը») և հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի գիտաշխատող Կարեն Մկրտչյանը («Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Իրանի արտաքին քաղաքականության համատեքստում»)։
Մասնախմբերի աշխատանքներն ամփոփվեցին եզրափակիչ լիագումար նիստով։ Արցախի Հանրապետության արդի մարտահրավերների վերաբերյալ գիտնականների քննարկումների հիման վրա ընդունվեց Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բանաձևը և հրապարակվեց համապատասխան հայտարարություն, որն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բարձր ամբիոնից ընթերցեց Լիլիթ Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 21-ին գիտաժողովի մասնակիցները մեկնեցին Գանձասար, մասնակցեցին «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» (Երևան, «Էդիթ պրինտ», «Կաճառ» գիտական կենտրոն, 2021) վերնագրով ժողովածուի շնորհանդեսին, որում ամփոփված են 2020 թ. հուլիսին տեղի ունեցած Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային առցանց գիտաժողովի զեկուցումները։
Գիտաժողովն իր աշխատանքը շարունակեց սեպտեմբերի 23-ին, Երևանում։ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 30-ամյակին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս, գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ Յուրի Սուվարյանը։ Ելույթներով հանդես եկան ԳԱԱ ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, պրոֆեսորներ Էդիկ Մինասյանը, Գևորգ Ստեփանյանը, քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։