Հայ մեծ եղեռնի թեման հայ գրականության մեջ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանի հետ: Պատմաբանների կոլեկտիվի առջև նա հանդես եկավ «Մեծ եղեռնի արտացոլումը հայ գրականության մեջ» հրապարակային դասախոսությամբ: 

Photo: https://newmag.am/  

Մոտ երկու ժամ տևած դասախոսության ընթացքում հռետորը նորովի ու թարմ շեշտադրումներով ու հարցադրումներով ներկայացրեց Մեծ եղեռնի արտացոլման ընթացքը հայ գրականության էջերում՝ սկսած 1920-ական թվականներից մինչև Հովհ. Շիրազ և Պ. Սևակ: Նա հատկապես մանրամասն արժևորեց և իմաստավորեց վերոնշյալ թեմատիկայով XX դարի հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ստեղծագործությունը՝ այն ներկայացնելով ժամանակի հայ հասարակական-քաղաքական կյանքի լայն խորապատկերի վրա: Ողջ դասախոսության ընթացքում գրականագետը անգիր ընդարձակ մեջբերումներ էր կատարում քննարկվող հայ գրողների ստեղծագործություններից: Վերջում պրոֆ. Ս. Մուրադյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: