ՊԵՏՔ Է ՁԵՎԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

2016թ. նոյեմբերի 22-ին՝ ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի իրավարար վճռի ստորագրման օրը, ԳԱԱ-ում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տևեց երկու օր:


Գիտաժողովն ընթանում էր ցեղասպանության հիմնահարցերը տարբեր տեսանկյուններից ուսումնասիրող մի քանի բաժանմունքներով.

• Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած ֆինանսական և գույքային կորուստները,
• Ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական խնդիրները և հայ ժողովրդի կրած մշակութային քաղաքակրթական կորուստները,
• Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած ժողովրդագրական կորուստները,
• Հայոց ցեղասպանության պատմագիտական խնդիրներ,
• Հայոց ցեղասպանության և հատուցման խնդրի արտացոլումը գրականության մեջ:

ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ընդծեց, որ գիտաժողովի հիմնական նպատակը հատուցման իրավական, ֆինանսական, գույքային, մշակութային կորուստների գնահատումն է և այն, թե ինչ սկզբունքներով կարող ենք հատուցում պահանջել, երբ ստեղծվեն աշխարհաքաղաքական հարմար պայմաններ:

Կարևորելով խնդրի քննարկումը գիտական հարթության մեջ՝ մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ պետք է ձևակերպվեն հատուցման պահանջները: Աշոտ Մելքոնյանի խոսքերով դրանք կարող են լինել նյութական, տարածքային հատուցումներ, որոնցից երբեք չպետք է խորշել: Զուգահեռներ անցկացնելով Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև նա մատնանշում է, որ տարբերությունը տարածքային պահանջի մեջ և հատուցման մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաեւ հայրենազրկման փաստը:

Խոսելով տարածաշրջանային իրողությունների մասին՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան պատրաստվում է տարածել իր ցեղասպան քաղաքականությունն արդեն Մերձավոր Արեւելքում, ինչի մասին են վկայում Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները: Հատուցման խնդիրը բարձրաձայնելիս, ըստ թուրքագետի, պետք է նկատի առնենք այն, որ գործ ունենք ոչ միայն Թուրքիայի հետ, այլև իրենց կողմից վարձված միջազգային մասնագետների հետ: Ուստի, պետք է համախմբենք հայության մասնագիտական, ինտելեկտուալ ներուժը և ներգրավենք խնդրում մասնագիտացած լավագույն միջազգայնագետներին:

Գիտաժողովի պլենար նիստում հանդես եկան նաև հրավիրյալ մասնագետներ հետևյալ զեկույցներով.

  • Հայոց Ցեղասպանության վնասների հատուցման հարցի քննարկումը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, Եվա Սալկեվիչ-Մյուներլին (Լեհաստան)
  • Տեղեկատվության ներկայացումն ու հատուցման խնդիրը, Հարություն Խաչատուրյան (Ֆրանսիա)
  • Մշակութային ժառանգության գնահատման և մշակութային ցեղասպանության հետևանքով հասցված վնասի հատուցման հարցում կվալիմետրիկ մեթոդի կիրառումը , Մարտիկ Գասպարյան (Ռուսաստան)

Գիտաժողովի զեկուցումներում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները կամփոփվեն տպագրվելիք գրքույկում:

«Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով միջազգային գիտաժողովը լուսաբանել է դոկտոր Մարտիկ Գասպարյանը Բեռլինի՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եվրոպական ներկայացուցչության կայքէջում: Սույն տեղեկատվությունը բունդեստագի միջոցով ուղարկվել է Գերմանիայի արտասահմանյան ներկայացուցչություններ: