2017 թ․ հոկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի գիտության ու մշակույթի մի խումբ գիտաշխատողներ ու դասախոսներ «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցելությունն իրականացրեցին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասեր և հանդես եկան դասախոսություններով։ Այցելություն-դասախոսությունը կազմակերպել էր ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Դասախոսությունները նվիրված էին Արցախի Հանրապետության 26-ամյակին:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դասախոսական խումբը ներկայացնում էին՝ տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, տնօրենի տեղակալ, պ.գ.դ., պրոֆեսոր Կ. Խաչատրյանը, աշխատակիցներ Հ. Գևորգյանը, Վ. Մելիքյանը, Ա. Մարուքյանը, Գ. Վարդանյանը, Գ. Հովհաննիսյանը, Ա. Մաղալյանը, Ա. Սայիյանը, Վ. Սարգսյանը, Ռ. Սահակյանը:
Դասախոսական կազմին ընդունեց ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով ողջունեց նման առաքելությունը՝ այն համարելով պահանջված և արդյունավետ, որով էլ ավելի է ամրապնդվում բանակ-հասարակություն համագործակցությունը: Նախարարը ներկայացրեց առաջնագծում տիրող իրադրությունը և այն տեխնիկական նորույթները, որոնցով հագեցվում են զորամասերը, ապա նախարարը պատասխանեց դասախոսներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպումից հետո դասախոսական կազմը մեկնեց Պաշտպանության բանակի տարբեր զորամասեր: