Թբիլիսիի Ի․ Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի պատմության և ազգաբանության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ու եվրոպական տարբեր գիտական հաստատությունների հետ համագործակցության պայմանագրերի շրջանակներում ս․թ․ հոկտեմբերի 3-5-ը Թբիլիսիում անցկացրեց «Ազգային ազատագրական և հակախորհրդային շարժումները Կովկասում և Արևելյան կենտրոնական Եվրոպայում հետվերսալյան ժամանակներից մինչև 1924 թ․» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով։
Բարձր մակարդակով կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին մասնագետներ Վրաստանի, Հայաստանի, Միացյալ Նահանգների, Լեհաստանի, Ուկրաինայի և Ֆինլանդիայի տարբեր գիտական ու գիտակրթական հաստատություններից։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից գիտաժողովին մասնակցում էին ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պ․գ․դ․ Աշոտ Մելքոնյանը և Հին դարերի բաժնի աշխատակից Հարություն Խուդանյանը։ Ա․Մելքոնյանի՝ վրացերենով ներկայացրած «Հակախորհրդային պայքարը Հայաստանի անկախության համար 1920-1921 թթ․» վերնագրով զեկուցումն ունկնդրվեց մեծ ուշադրությամբ և արժանացավ ներկաների առանձնահատուկ գնահատանքին։
Գիտաժողովին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից ներկա էր «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռ․ Ղազարյանը։ Նույն ինստիտուտի և հիմնադրամի աշխատակից Գ․ Մարգարյանը ներկայացրեց իր և հետազոտող Տիրուհի Բայբուրդյանի համատեղ զեկուցումը։
Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենները համաձայնեցրին երկու հաստատությունների միջև արդյունավետ համագործակցության հետագա ծրագիրը։