ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

   

                                           

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիայի անդամ է, որը հիմնադրվել է 2005 թ. դեկտեմբերին Մոսկվայում: Ասոցիացիայի նախագահն է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ընդհանուր պատմության ինստիտուտի գիտական տնօրեն Ալեքսանդր Օհանովիչ Չուբարյանը:
2007 թվականից սկսած Ասոցիացիայի շրջանակներում անցկացվում է ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների «Ամառային դպրոց»: «Ամառային դպրոց»-ը կազմակերպվում է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) հովանու ներքո:
Առաջին «Ամառային դպրոց»-ը անցկացվել է Սանկտ Պետերբուրգում, այնուհետև Օդեսայում, Քիշնևում, Երևանում, Մինսկում, Բիշքեկում և այլն: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրինությունը և երիտասարդ գիտնականներն ակտիվ մասնակցել են ասոցիացիայի և ամառային դպրոցների բոլոր աշխատանքներին, հանդես են եկել դասախոսություններով, զեկուցումներով: ԱՊՀ երկրների պատմաբանների հետ համագործակցության շնորհիվ ձեռք է բերել մեծ փորձ, իսկ պատմության ինստիտուտների հետ հաստատվել են երկկողմ համագործակցություն:
Հերթական դպրոցը կայացավ Մոսկվայում 2016 թվականի հունիսի 19-26-ը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտում «ԱՊՀ երկրների ընդհանուր պատմության ակտուալ խնդիրները, Բալթյան երկրներ և Վրաստան» թեմայով:
Դպրոցի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 70 երիտասարդ գիտնականներ և փորձառու դասախոսներ, որոնք ներկայացնում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի պատմության ինստիտուտները:
Նոր և նորագույն շրջանի առաջատար պատմաբան-փորձագետները անդրադարձան մի շարք հարցերի, որոնք առնչվում էին Ռուսական կայսրության հեղափոխական գործընթացների առանձնահատկություններին, Խորհրդային Միության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին, միջպետական և ազգամիջյան հարաբերություններին: Զեկուցումների մեծ մասը նվիրված էր Կենտրոնական Ասիայի XIX դ. – XX դ. սկզբի պատմությանը, որի հանդեպ հետաքրքրությունը մեծ է:
Դպրոցում դասախոսություններով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Հ. Խաչատրյանը «Խորհրդային Հայաստանը Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ ձևավորման ընթացքում (1921–1922 թթ.)» և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Ընդհանուր պատմություն բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Վահան Հ. Մելիքյանը «Իշխանության խնդիրը Հարավային Կովկասում 1917 թ. ռուսական հեղափոխությունների համատեքստում» թեմաներով:
Հայ գիտնականների դասախոսությունները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ունկըդիրների մոտ, հնչեցին բազմաթիվ հարցեր թե՛ դասախոսությունների և թե՛ այլ խնդիրների վերաբերյալ` կապված Հայաստանի պատմության, տարածաշրջանում Հայաստանի ունեցած դերի և գործընթացների մասին:
Հայկական պատվիրակության մեջ, որի անդամններից էին Ընդհանուր պատմության բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Հ. Ալեքսանյանը, հայցորդներ Ն. Ադամյանը և Հ. Խուդանյանը, վերոհիշյալ դասախոսությունների հիման վրա հնարավորություն ստացան դպրոցի մասնակիցների ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ԼՂՀ հիմնախնդիրների վրա:
Հունիսի 24-ին Կ. Խաչատրյանը մասնակցել է ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի հերթական նիստին, որի ժամանակ քննարկվել են հետագա համագործակցության հետ առնչվող մի շարք հարցեր, նախանշվել են ասոցիացիայի ծրագրերը: