2016 թ. սեպտեմբերի 14-16-ին Մոսկվայում կայացավ «Հայկական սփյուռքը և հայ-ռուսական հարաբերությունները. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանը, Հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և աջակցման «Անիվ» հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտը (Մատենադարան), Հայաստանի պատմության թանգարանը, Պետական Էրմիտաժը և մի շարք այլ կազմակերպություններ:
Գիտաժողովին մասնակցում էին մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Լիբանանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովը բաղկացած էր լիագումար և մասնաճյուղային նիստերից հետևյալ թեմաներով` «Հայկական սփյուռքը աշխարհում», Հայկական սփյուռքի պատմությունը Ռուսաստանում», Հայաստանի և Ռուսաստանի պատմական ճակատագրերը X-XXI դդ.», «Հայկական արվեստ», «Հայ-ռուսական հարաբերությունների աղբյուրագիտության և պատմագրության խնդիրները», «Երիտասարդական»:
Պատմության ինստիտուտը ներկայացված էր մի քանի մասնակիցներով: Ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը գիտաժողովի լիագումար նիստում հանդես եկավ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից. համառոտ ակնարկ» զեկուցմամբ: «Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության» բաժնի վարիչ Արմեն Մարուքյանի զեկուցման թեման էր «Հայոց ցեղասպանության տարիներին Հայկական հարցում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության որոշ ուղղությունների շուրջ»: Առաջատար գիտաշխատող Գոհար Վարդումյանը հանդես եկավ «Ժողովրդական քրիստոնեության դրսևորումները հայերի և ռուսների ներկայիս տոնական կյանքում» զեկուցմամբ: Առաջատար գիտաշխատող Քնարիկ Ավագյանը ներկայացրեց «ԱՄՆ-ի հայերը XX դ. հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում» զեկուցումը: Ավագ գիտաշխատող Արտակ Մաղալյանի զեկուցման թեման էր «Արցախի մելիքների զորքը»: Գիտաշխատող Հասմիկ Ամիրջանյանը ներկայացրեց «Ռուսաստանում Հայկական պատրիարքության առաջնորդ Հովսեփ Արղությանի դերը հայ-ռուսական հարաբերություններում (XVIII դ. վերջ)»: