Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության մեծ դահլիճում տեղի ունեցավ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հիմնադրման 60 ամյակին նվիրված գիտաժողովը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարևորելով բարեգործական ու գիտամշակութային հաստատության գործունեությունը, որի շնորհիվ առ այսօր սփյուռքահայ հազարավոր պատանիներ ու երիտասարդներ ստացել և ստանում են միջնակարգ և բարձրագույն կրթություն: Կառույցը, հավատարիմ իր հիմնադրի նպատակներին, հետևողական է դպրոցաշինական ծրագրերի իրականացմանը: Հայկական համայնքների բաժանմունքի կրթաթոշակներից օգտվել և օգտվում են առաջադիմությամբ աչքի ընկնող, սոցիալապես անապահով հայ աշակերտներն ու ուսանողները:
«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ հրատարակվել է 750-ից ավելի հայագիտական աշխատանքներ, որոնցից 250-ը՝ Հայաստանում:
«Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության» հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքեր ասացին ու հաստատության ազգանվեր գործունեությունը մեծապես արժևորեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան» հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների ու գնահատանքի համար: Խոսելով հիմնարկության գործունեության մասին՝ նա շեշտեց,որ մեծ բարերարն առաջնորդվում էր երեք սկզբունքով, որոնցով ուղղորդվում է հիմնարկությունը մինչև օրս՝ լուռ ու մունջ աշխատել, գործը լավ անել և իմանալ նպատակը:
Ամփոփելով հիմնարկության 60 տարվա գործունեության արդյունքները, Ռազմիկ Փանոսյանը նշեց, որ իրենց աշխատանքում հատկանշականը մարդուժ պատրաստելն է, երիտասարդ սերնդին կրթելը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Ղարախանյանը ներկայացրեց «Գալուստ Կիւլպէնկեանի բարեգործական գործունեությունը»:«Գալուստ Կիւլպէնկեան. «միայն ամենալավը» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Էդուարդ Մելքոնյանը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձավ «Գալուստ Կիւլպէնկեանի հասարակական-քաղաքական գործունեությանը»:
Հնչեցին հարցեր և առաջարկություններ:
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Գալուստ Գյուլպենկյանի ծննդյան 150 ամյակին ընդառաջ՝ նրա արխիվների ուսումնասիրումն ու դասակարգումը, մեծ բարերարի ժառանգության գնահատումը: