2017 թ. մայիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նիստ:
Խորհրդի նախագահ Համո Սուքիասյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 38-րդ գիտական նստաշրջանի կազմակերպմանն առնչվող խնդիրները:
Որոշվեց նստաշրջանն անցկացնել հուլիսի 7-9-ը Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը: Զեկուցման հիմնադրույթների ներկայացման վերջնաժամկետ սահմանվեց հունիսի 25-ը:
Այնուհետև ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի աշխատակից Վահե Սարգսյանը ներկայացրեց «Հայոց հին պատմության հիմնահարցերը 20-րդ դարի առաջին կեսի գերմանական հայագիտության մեջ» խորագրով իր թեկնածուական ատենախոսությունը: Նա շեշտեց, որ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի առաջին կեսին Գերմանիայում աննախադեպ հետաքրքրություն էր առաջացել Հայոց հին և միջնադարյան պատմության հարցերի նկատմամբ: Վանի թագավորության պատմության խնդիրների հետազոտության և պատմագրության ոլորտում մեծ է Կ.Ֆ. Լեման-Հաուպտի (1861-1938) ավանդը: Նա 1898-1899 թթ. ճանապարհորդեց Հայկական լեռնաշխարհում, հայտնաբերեց և ընդօրինակեց նոր արձանագրություններ, իսկ Եվրոպա վերադառնալուց հետո իր աշխատություններով նպաստեց Վանի թագավորության պատմության հետազոտության հետագա զարգացմանը: Հայոց հին և միջնադարյան պատմության խնդիրները բազմակողմանի քննարկված են նաև վաստակաշատ արևելագետ Յ. Մարկվարտի (1864-1930) աշխատություններում: Խորհրդային պատմագիտությունը սույն անձաց և նրանց գործը շարունակողների անուրանալի աշխատանքը գնահատեց որպես բուրժուական պատմագիտական մտքի արգասիք՝ խնդիր դնելով քննադատաբար, երբեմն էլ մերժողական դիրքերից անդրադառնալ նրանց կատարած աշխատանքին:
Վերջում որոշվեց այսուհետ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նիստերում լսել ինստիտուտի ասպիրանտների և հայցորդների հաղորդումները իրենց թեկնածուական ատենախոսությունների մասին: