Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակ. պատմություն և արդիականություն. միջազգային գիտաժողով, Մոսկվա, 15-16 սեպտեմբերի, 2017

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստում՝ Մոսկվայի հայկական համալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին պաշտոնապես բացվել է «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակ. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց այսօր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի եկեղեցաշեն և ազգանպաստ առաքելության զարգացումը` առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ: Իր բարձր գոհունակությունը արտահայտելով գիտաժողովի կազմակերպիչներին ու աջակիցներին` Հայոց Հայրապետն այս գիտաժողովը լավագույն առիթ համարեց` նոր ժամանակների հրամայականներին ընդառաջ վերանայելու և վերարծածելու թեմում Հայոց Եկեղեցու գործունեության անցյալի ձեռքբերումները: Վերջում աղոթելով երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների ու համագործակցության արգասավորման համար` Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված իր Սուրբ Աջով օրհնի Հայոց թեմի եկեղեցանվեր, հայրենաշեն ու ազգանպաստ բոլոր բարի ջանքերն ու իրագործումները:


70-ից ավելի մասնակիցների թվում կային նշանավոր գիտնականներ, բարձրաստիճան հոգևորականներ, արվեստագետներ, գիտության բնագավառի այլ ներկայացուցիչներ`Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Ուկրաինայից:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արք. Ներսիսյանը, ով բարձր գնահատելով թեմի հիմնադրման պատմական հոբելյանի առիթով կոնֆերանսի կազմակերպումը` ընդգծեց, որ այն մնայուն արժեքների վերածննդի շարունակությունն է, որը միավորում է բոլորին սուրբ նախնիների մեծ ժառանգության պահպանման գործում և դրանով իսկ նպաստում հոգևոր, մշակութային և գիտական արժեքների փոխադարձ հարստացմանը, ինչպես նաև ռուս և հայ ժողովրդների եղբայրական կապերի ամրապնդմանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և ուրիշներ:
Գիտական աշխատանքները կազմակերպվեցին համապատասխան մասնագիտական մասնաճյուղերում, որոնք ընթացան հետաքրքիր հարցադրումներով և բուռն քննարկումներով:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից մասնակցեցին երեք հոգի՝ պ. գ. դ. Թունյան Վալերի (պլենար նիստում՝ Հայ առաքելական եկեղեցու Աստրախանի թեմի ձևավորումը XVIII դ. և XIX դ. սկզբին, մասնագիտական խմբում՝ Էջմիածին և Գանձասար. առասպելներ և իրականություն), պ. գ. թ. Հարությունյան Մարինե (Նոր Նախիջևանի հայկական բարեգործական ընկերությունների լուսավորական գործունեությունը XIX դ. երկրորդ կեսին. համառոտ ակնարկ), պ. գ. թ. Ամիրջանյան Հասմիկ (Հովսեփ Արղությանի հոգևոր-վարչական և սոցիալ-տնտեսական քաղաքականությունը XVIII դ.): Մասնակիցներն իրենց զեկուցումներում գիտականորեն անդրադարձան Աստրախանի թեմի կազմավորմանը, Աստրախանի թեմի՝ Ս. Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսների հետ ունեցած սերտ հարաբերություններին, Հովսեփ Արղությանի հոգևոր-վարչական, սոցիալ-տնտեսական քաղաքականությանը և այլ արժեքավոր պատմական իրադարձություններին: Արժևորվեց Նոր Նախիջևանի բարեգործական ընկերությունների՝ “Հայոց մարդասիրական”, “Հայուհյաց խնամատար”, “Հայոց աղքատախնամ եկեղեցկան հոգաբարձության” և այլ բարեգործական հաստատությունների մարդասիրական գործունեությունը:
Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվեցին մշակութային միջոցառումներ: