ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

2018 թ. հուլիսի 15-21-ը Ղրղզստանի Հանրապետությունում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների հերթական` 10-րդ հոբելյանական ամառային դպրոցը՝ «Քաղաքացիական կռիվների բացառիկությունը պատմության մեջ» թեմայով: Այն կազմակերպել էին Ղրղզստանի ԳԱԱ պատմության և մշակութային ժառանգության ինստիտուտը, ՌԴ ԳԱԱ համաշխարհային պատմության ինստիտուտը, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը և ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիան:

Դպրոցի աշխատանքներին մասնակցում էին ավելի քան 60 երիտասարդ պատմաբաններ և փորձառու մասնագետ դասախոսներ ՌԴ-ից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ղրղզստանից:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պատվիրակությունը գլխավորում էր գիտական հարցերի գծով փոխտնօրեն, ընդհանուր պատմություն բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը: Իբրև ունկնդիրներ մասնակցում էին երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը, կրտսեր գիտաշխատող Նինետա Ադամյանը, հայցորդ Անահիտ Շագոյանը, ասպիրանտ Վարդիթեր Գրիգորյանը:

 

Ամառային դպրոցին բացման խոսքով հանդես եկան Ղրղզստանի ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևը, Պատմության և մշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն, թղթակից անդամ Աբիլաբեկ Հասանխանովը և ՌԴ ԳԱ Ընդհանուր պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆ. Եվգենի Սերգեևը: Այնուհետև ամառային դպրոցի մասնակիցներին ողջունեցին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները: Մասնավորապես ինստիտուտի փոխտնօրեն Կ. Խաչատրյանը, պատվիրակության անունից ողջունելով բոլոր ներկաներին և շնորհակալություն հայտնելով ամառային դպրոցի կազմակերպիչներին, շեշտեց նման միջոցառումների կարևորությունը երիտասարդ պատմաբանների մասնագիտական աճի, նաև ինստիտուտների միջև գիտական համագործակցությունը խորացնելու տեսակետից:

Ամառային դպրոցում հետաքրքիր և բովանդակալից դասախոսություններով հանդես եկան մասնակից երկրների 16 բանախոսներ, այդ թվում պրոֆեսոր Կ. Խաչատրյանը, որի ներկայացրած դասախոսությունը նվիրված էր 1921 թ. առաջին կեսին՝ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման ավարտական փուլում, ընթացած քաղաքացիական կռիվներին: Դասախոսության ընթացքում հատուկ ընդգծվեց հայության համար քաղաքացիական կռիվների ունեցած ողբերգական հետևանքների մասին, ինչպես նաև խնդրի վերաբերյալ խորհրդահայ և ժամանակակից հայ պատմագիտության մոտեցումներն ու գնահատականները: Այն հետաքրքրությամբ լսվեց ունկնդիրների կողմից, հնչեցին շուրջ մեկ տասնյակ հարցեր, այդ թվում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից, դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Ամառային դպրոցի աշխատանքների ընթացքում հետագա համագործակցության ծրագրեր քննարկվեցին մասնակից գիտահետազոտական հաստատությունների ղեկավարների և գիտնականների հետ: Մասնավորապես գիտակրթական համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց Ղազախստանի ԿԳՆ ԳԿ Չ. Վելիխանովի անվան Պատմության և ազգաբանության ինստիտուտի հետ:

Ամառային դպրոցը, որը կազմակերպվել էր գեղատեսիլ Իսսիկ Կուլ լճի ափին գտնվող համալիրներից մեկում, ուղեկցվեց նաև մշակութային միջոցառումներով,  թանգարանային այցելություններով: Հատկապես տպավորիչ էր այցելությունը Քոչվորական մշակույթի թանգարան, Նիկոլայ Պրժևալսկու թանգարան, Կարակուլի XIX դարի քրիստոնեական և մուսուլմանական տաճարներ: