Միջազգային գիտաժողով. «Բալթիկայից մինչև Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում»

2018թ. հոկտեմբերի 15-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում մեկնարկեց «Բալթիկայից մինչև Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում» եռօրյա միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան), «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի, ՌԴ մշակույթի նախարարության արվեստի պետական ինստիտուտի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Լեհական գիտելիքների ակադեմիայի, Ռուս-հայկական համալսարանի և Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ:

Եռօրյա գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 60 հետազոտողներ՝ հրավիրված Ավստրիայից, Արգենտինայից, Բելառուսից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից,ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:

ՀՀ  ԳԱԱ պատմու­թյան ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Համո Սուքիասյանը («Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Հովսեփ Կարախանյանի նամակ-զեկուցագրերը Խարկովում Ուկրաինայի հայերի դրության մասին (1921–1922 թթ.)»), Վալերի Թունյանը («Մանուկ-բեյի և Լազարևների տոհմերի  առնչությունները»), Քնարիկ Ավագյանը («ԱՄՆ-ի հայերը հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների համատեքստում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում»), Հասմիկ Ամիրջանյանը («Արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի ներդրումը Ղրիմի Սուրբ Խաչ վանքի պահպանման և վերականգնման գործում») և Կլեմենտ Հարությունյանը:

Հաջորդ օրերին գիտաժողովը շարունակվեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում:

Գիտաժողովի ընթացքում անդրադարձ եղավ հայերի փոխգործակցության փորձին, (Բալթիկայից մինչև Սև ծով), պատմական հոլովույթում հայկական համայնքների դերին և այլն: