Միջազգային գիտաժողով

Հուլիսի 15-16-ին կայացավ «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն և արդիականություն (Իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» առցանց միջազգային գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Գիտաժողովը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Մշակույթ և ապագա» հիմնադրամի կողմից։ Գիտաժողովի գործընկեր կազմակերպությություններն էին՝ Հայաստանի ազգային արխիվը, Արցախի գիտական կենտրոնը, Արցախի «Կաճառ» գիտական կենտրոնը, «Օրբելի» վերլուծական հետազոտություն­ների կենտրոնը, Երևանի «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպությունը և Ռուսաստանում գործող «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերակցությունը»։

Ողջույնի խոսքով հանդես եկան Արցախի Հանրապետության նախագահ Ա․ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ․ Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լ․ Ղարախանյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու․ Սուվարյանը, գիտաժողովի մասնկիցներին օրհնության խոսք հղեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Գիտաժողովի սկզբում առցանց ներկայացվեց «Շուշին պատմական լուսանկարներում և արխիվային փաստաթղթերում» Հայաստանի ազգային արխիվի պատրաստած ցուցահանդեսը։

Առցանց գիտաժողովի երկու օրերի ընթացքում զեկուցումներով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Լիբանանից շուրջ 50 մասնակիցներ։

Գիտաժողովի մասնկաիցներն իրենց զեկույցներում քննարկեցին Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած Շուշիի հայ բնակչության ցեղասպանության պատճառները, մասնավորապես, պանթուրքիզմի գաղափարախոսական հիմքերը, նպատակները, փուլերն ու հետևանքները, անդրադարձան ադրբեջանական պատմագրության կողմից Արցախի 1918-1920 թթ. պատմական իրադարձությունների նենգափոխումներին, արծարծեցին Շուշիի հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի իրագործած մշակութային եղեռնի քաղաքականության դրսևորումները, ինչպես նաև ներկայացրեցին Շուշիի հայերի կոտորածների թեմայի արտացոլումը ժամանակի պարբերական մամուլում և գրական ստեղծագործություններում։

Գիտագործնական առցանց գիտաժողովի արդյունքներն ամփոփվեցին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության հանցագործության միջազգային դատապարտման և կանխարգելման գործնական միջոցներ ձեռնարկելու հարցերի շուրջ քննարկումով և ընդունվեց գիտաժողովի մասնակիցների հայտարարությունը, որի բովանդակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://armenpress.am/arm/news/1022179.html

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։" />
ReplyForward