Ժողովածուն լույս է տեսել 2021թ-ին՝ Անթիլիասիում: Ժողովածուում ամփոփված են 2018թ-ի մարտին Անթիլիասում Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովհանու ներքո անցկացված եռօրյա գիտաժողովի զեկուցում-հոդվածները, որոնք գիտաժողովին ներկայացրել են Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի տասնյակ պատմաբաններ:
Նա նշեց, որ Հայաստանի առաջին Հանրապետության մասին բազմաթիվ հաստափոր հատորներ են գրվել, սակայն այս բոլորը բավարար չէր ասելու համար, որ Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը հավուր պատշաճի ուսումնասիրված է:
«Մենք այս գիտաժողովով փորձեցինք ցրել այն թյուր պատկերացումը, թե Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվել է դատարկ հողի վրա, չի ունեցել նախապատմություն: Մինչդեռ մեր զեկուցումների մի մասը, որոնք նվիրված էին առաջին Հանարապետության հռչակման նախապատմությանը, հստակ ցույց էին տալիս, որ դրա արմատները գնում են 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ: Ժողովրդի միասնականությունը հստակ երևում էր ազատագրական պայքարի մեջ: Ժողովածուում կան բազմաթիվ զեկուցում հոդվածներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքին, հարաբերություններին հարևանների հետ, անկման պատճառներին, խորհրդային Ռուսաստան-քեմալական Թուրքիա փոխհարաբերություններին, վիճելի տարածքներին՝ Զանգեզուրին, Արցախին, Նախիջևանին»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ ժողովածուում շատ նյութեր կան 1918-1920թթ. պատմության վերաբերյալ: «Մեր խնդիրն է, ընդունելով մեր անցած հարյուրամյա ճանապարհը, հիմա ջանք գործադրել մեր հնարավորությունների սահմաններում, որպեսզի կրկին անգամ չկորցնենք պետականությունը: Այսօր մեր խնդիրը պետք է լինի մեր պետականության ամրապնդումը և զարգացումը»,- ասաց նա: