Սեպտեմբերի 19-21-ը ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողով՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին։
Միջազգային գիտաժողովի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ԵՊՀ հիշատակի ծառուղում տեղակայված Ֆրանց Վերֆելի կիսանդրու մոտ՝ այդպիսով ազդարարելով միջոցառման մեկնարկը։
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի Հայկական ուսմանց ծրագրի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասսեանը, Լեփսիուսհաուս Պոտսդամ, տնօրեն, փիլիսոփայության դոկտոր Ռոյ Քնոքեը, ԵՊՀ ՀՀԻ տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Բարսեղյանը։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, անդրադառնալով 1915 թ. ողբերգությանը հաջորդած ժամանակաշրջանին, ասաց. «Վերքը թարմ էր ու խոր. ցեղասպանված ու հայրենազրկված ժողովուրդը մոռացության էր մատնել մղած ինքնապաշտպանական մարտերը։ Ֆրանց Վերֆելը Հայոց ցեղասպանության խնդրին անդրադարձել է նոր դիտանկյունից՝ ցույց տալով, որ հայ ժողովուրդը պարզապես չի մորթվել, այլ ընդվզել է, կռվել, պայքարել։ Ցեղասպանությունն ու ինքնապաշտպանությունը ներկայացվել են մեկ ընդհանրական շղթայով՝ շնորհիվ Ֆրանց Վերֆելի»։ Կարևորելով գիտաժողովի նշանակությունը՝ Ա. Մելքոնյանը շեշտեց. «Գործնական առումով այս գիտաժողովը շատ կարևոր է։ Ուրախ եմ, որ այս գիտական միջոցառմանը ներկա են նաև օտարերկրյա գիտնականներ, որոնց հետ էլ կբարձրաձայնենք վերոհիշյալ խնդիրները»։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Աշոտ Մելքոնյանը («Հայոց ցեղասպանություն և Հայաստան հայրենազրկում. 1894 – 1923 և 2020 – 2023 թթ. (պատմական զուգահեռներ)»), Իսկուհի Ավանեսյանը («Գանձակի (Կիրովաբադ) 1988 թ. ջարդերը՝ որպես Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորում»), Հովիկ Ավանեսովը («Արևմտյան Հայաստանում և Արցախում մշակութային ցեղասպանության համեմատական վերլուծություն»), Արփինե Բաբլումյանը («Արևմտյան Հայաստանի Վանի և Բիթլիսի նահանգների հայ բնակչության ներքին տեղաշարժերի և արտագաղթի առանձնահատկությունները XIX դ. վերջին – XX դ. սկզբին»), Անի Ֆիշենկճեանը («Ալեքսանտրէթի սանճաքի հայերու տեղաւորման հարցը Սուրիոյ մէջ»), Արմեն Մարուքյանը («Մուսա լեռից մինչև Սինջար լեռ. ինքնապաշտպանական մարտերի համեմատություն»), Գևորգ Ստեփանյանը («Հայերի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության իրագործման փուլերն Արևելյան Այսրկովկասում (XI – XX դդ.)»), Լիլիթ Հովհաննիսյանը («Բռնագաղթված հայերի Հայաստան հայրենիք վերադառնալու գաղափարի արտացոլումը «Ճակատամարտ», «Հայրենիք» և «Ասպարեզ» պարբերականներում 1920 թ.»), Կարեն Մկրտչյանը («Հայոց ցեղասպանության թեման իրանական խոսույթում»), Հասմիկ Ամիրջանյանը («Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի գործունեությունը հայ գաղթականներին աջակցելու գործում (1915 – 1918 թթ.)»), Սեդա Օհանյանը («Լեւոն Շաղոյեանի մասնակ ցութիւնը Վան-Վասպուրականի ժողովուրդի փրկութեան գործունէութեանց (Մարտ – Օգոստոս 1918 թ.)»), Մանե Կոնինյանը («Հայ գաղթականների շրջանում ամերիկյան «Մերձավոր արևելքի նպաստամատույց» ի մարդասիրական գործունեությունը 1918 – 1930 թթ.»):
Գիտաժողովին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայկական ուսմանց ծրագրի, Լեփսիուսհաուս Պոտսդամի գիտնականները։