Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, Գիտակրթական միջազգային կենտրոնից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Մաշտոցի անվան Մատենադարանից, Հայաստանի ազգային արխիվից, Մոսկվայի պետական համալսարանից:
Գիտական նստաշրջանի բացումը տեղի ունեցավ հուլիսի 8-ին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ինստիտուտի փոխտնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Կարեն Խաչատրյանը:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում հնչեցին երկու տասնյակից ավել զեկուցումներ: Զեկուցումների ավարտից հետո տեղի ունեցավ աշխույժ գիտական բանավեճ, հարց ու պատասխան, իսկ վերջում՝ քննարկում և գիտական նստաշրջանի արդյունքների ամփոփում: Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, բան. գիտ. դոկտոր Անուշավան Զաքարյանը, պատմ. գիտ. թեկնածուներ Հակոբ Մուրադյանը, Գոհար Վարդումյանը, Համո Սուքիասյանը՝ կատարելով առաջարկներ ու դիտողություններ: Վերջում Կ. Խաչատրյանն ամփոփեց նստաշրջանի արդյունքները և տեղեկացրեց, որ լավագույն զեկուցումները կհրատարակվեն ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» պարբերականում: