Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մորուս Հասրաթյանի ծննդյան 115-ամյակին և նրան նվիրված «Նշանավոր սյունեցին , ականավոր պատմաբանն ու բանասերը» ժողովածուի շնորհանդեսը:
Բացման խոսքում պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարևորեց ականավոր պատմաբանի ներդրումը պատմագիտության զարգացման գործում:
Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ բ.գ.դ. Աելիտա Դոլուխանյանը և հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Պավել Ավետիսյանը: Նրանք խոսեցին հայրենանվեր պատմաբանի անգնահատելի վաստակի մասին սերունդներին կրթելու գործում:
Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Մորուս Հասրաթյանի որդին՝ Մուրադ Հասրաթյանը և ներկաներին ներկայացրեց պատմաբանի կենսագրությունից հետաքրքիր ու հուզիչ դրվագներ:
Հասրաթյանը եղել է Հայաստանի ԳԱԱ առաջին նախագահ Հովսեփ Օրբելու ասպիրանտը, 1963-ին ընտրվել Հայաստանի ազգային ակադեմիայի թղթակից անդամ և ստացել Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը: 1937-ին եղել է Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, հետո` Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ գիտության գծով պրոռեկտոր, 1964-1975 թթ.` Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն, իսկ 1965-1966 թթ.` գրեթե երկու տարի, տարբեր առարկաներ է դասավանդել Բեյրութի Հայկազյան քոլեջում:
«Հայ ժողովրդի պատմության» դպրոցական առաջին դասագրքի հեղինակներից է։ Նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտարապետության ու բանասիրության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ։ Մասնակցել է պատմագիտական կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։ Հայերեն է թարգմանել Սայաթ-Նովայի ոչ հայերեն խաղերը, կազմել, խմբագրել և ծանոթագրություններով հրատարակել Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն (1963):