Խոր կսկիծով հայտնում ենք, որ վախճանվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների պատմության» բաժնի երկարամյա գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Վարդան Արշավիրի Խաչատրյանը (1932-2021 թթ)։
Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը հայ-ռուսական պատմա-մշակութային առնչություններն էին, մասնավորապես Աստրախանի հայ գաղթօջախի պատմության տարբեր ժամանակաշրջանների՝ սկզբնավորումից (16-րդ դ.) մինչեւ 20-րդ դարասկզբի Աստրախանի հայերի առեւտրա-տնտեսական, իրավա-դատական հարաբերությունների բազմադրյան պատմության, քաղաքի եւ շրջանի արդյունաբերության մեջ հայերի ունեցած խոշոր ներդրման, մշակութային կյանքի, հայկական դպրոցների, հայ տպագրության ուսումնասիրությունը։
Իր գործընկերոջ, պատմական գիտությունների դոկտոր, լուսահոգի Ժորես Անանյանի հետ միասին Խաչատրյանը բազմիցս անդրադարձել է հայ-ռուսական քաղաքական կապերի պատմությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի հայկական գաղթավայրերում վաշխառության և վարկավորման ծագման ու զարգացման հարցերին, որը կապված էր ռուսական բացարձակ միապետության ձևավորման ու հաստատման ընթացքում տեղ գտած մի շարք սոցիալ-տնտեսական պրոցեսների հետ։ Արխիվային հարուստ նյութերի հիման վրա քննվում էին ռուսահայերի շրջանում կիրառվող վարկավորման տարբեր եղանակները, մուրհակային իրավունքի, բանկային գործի ձևավորումը և այլն։ Նրանք միասին հրատարակել են նաեւ «Ռուսաստանի հայ համայնքները» մենագրությունը (ռուս., Երեւան, 1993 թ.)։
Այս թեմաներով Խաչատրյանի հեղինակած հոդվածները լույս են տեսել նաեւ «Հայ ժողովրդի պատմության» բազմահատորյակի 4-րդ հատորում (Երեւան, 1981), «XVI-XVIII դդ. հայ ազատագրական շարժումները եւ հայ գաղթավայրերը» հոդվածների ժողովածուում (Երեւան, 1989), «Էջեր հայ գաղթավայրերի պատմութեան» ժողովածուում (խմբագր. Բարխուդարյան Վ., Եկաւեան Զ. Երեւան, 1996), «Հայ գաղթաշխարհի պատմության» 1-ին հատորում (Երեւան, 2003) եւ այլ հեղինակավոր հրատարակություններում։
«Հայ գաղթօջախների պատմության եւ սփյուռքի» բաժինը, հանձինս Վարդան Խաչատրյանի, կորցրեց իր նախորդ սերնդի լավագույն մասնագետներից մեկին, որի վախճանով փակվում է Վազգեն Ոսկանյանի, Սուրեն Քոլանջյանի, Ստեփան Հակոբյանի, Վահրամ Մարտիրոսյանի, Վիկտորիա Ղուկասյանի, Գեւորգ Հարությունյանի, Վարդգես Միքայելյանի եւ Վլադիմիր Բարխուդարյանի՝ մի ողջ գիտական սերնդի գործունեության էջը։
Հուսով ենք, որ արժանի կլինենք նրանց անմար հիշատակին։