Հուլիսի 20-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցներ Ա.Մելքոնյանը, Հ.Մուրադյանը, Ռ.Սահակյանը, Ա.Մարուքյանը, Գ.Ստեփանյանը, Ա.Ղամբարյանը, Լ.Հովհաննիսյանը, Ն. Ադամյանը հյուրընկալեցին ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՀԿԴՀ) ռեկտոր Դմիտրի Բեսպալովին, պրոռեկտոր Առուշան Վարդումյանին և միջազգային կապերի պատասխանատու Վլադիմիր Սամուիլենկոյին
Կողմերը մատնանշեցին, որ 2014 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի միջև գոյություն ունի գիտական սերտ համագործակցություն։ Տեղի են ունեցել բազմաթիվ գիտաժողովներ Երևանում, Ստավրոպոլում և Պյատիգորսկում՝ կողմերի մասնագետների մասնակցությամբ։ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադ. Ա.Մելքոնյանը, աշխատակիցներ, պրոֆեսորներ Վահան Մելիքյանը, Ռուբեն Սահակյանը, Արմեն Մարուքյանը, Անահիտ Խոսրոևան մասնակցել են Հյուսիկովկասյան համալսարանի կազմակերպած տարբեր գիտաժողովների՝ նվիրված Առաջին աշխարահամարտի, Հայրենական մեծ պատերազմի, Ռուսաստանի պատմության հարցերին։ ՀԿԴՀ աշխատակիցներ Իգոր Կրյուչկովը, Առուշան Վարդումյանը, Զավեն Հակոբյանը, Նատալյա Կրյուչկովան մասնակցել են Երևանում ՀՀ հռչակման 100-ամյակին, Սևրի դաշնագրին նվիրված գիտաժողովների։ Ինչպես այդ գիտաժողովների, այնպես էլ այլ նյութեր հրատարակվել են Ռուսաստանում և Հայաստանում լույս տեսնող գիտական ամսագրերում։
Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր։ Կողմերը 2021 թվականից կատարում են համատեղ գիտական ծրագիր ,,Հայկական հարցը 1878-1923 թթ. և միջազգային հարաբերությունները,, թեմայով։ Հոկտեմբերի սկզբին Ստավրոպոլում նախատեսված գիտաժողովին, որը նվիրված է Կովկասի ճակատամարտին (1942-1943), ՀՀ երեք գիտաշխատողներ մասնակցության հայտ են ներկայացրել։ ՌԴ ՀԿԴՀ-ի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի համագործակցությանը միացել են նաև ԵՊՀ-ն, ՀՊՄՀ-ը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը։
Նույն օրը ռուսաստանյան պատվիրակությանը ընդունեց ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Ձեռք բերվեց համաձայնություն ՀԿԴՀ-ի և ՀՀ ԳԱԱ-ի միջև գիտակրթական ոլորտում լայն համագործակցություն սկսելու վերաբերյալ։