Այս տարի նշվում է Խորանաշատի վանական համալիրի հիմնադրման 800-ամյակը: Այդ առթիվ մայիսի 28-ին Խորանաշատի Սբ. Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ նպատակով վանական համալիր բերվեց Մաշտոցյան Մատենադարանում պահվող 1224 թ. «Խորանաշատի Ավետարանը»։ Նույն օրը Չինարի գյուղում, իսկ հաջորդ օրը Բերդի Սբ. Հարություն եկեղեցում «Խորանաշատի Ավետարան»-ով կատարվեց Անդաստանի կարգ:
Մայիսի 29-ին Չինարի գյուղի մշակույթի տանը Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Խորանաշատի հիմնադրման 800-ամյակին։ Ողջույնի խոսքով հանդես եկան Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «Խորանաշատ ֊800» միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, միջոցառումների համակարգող Գևորգ Սաղոյանը։
Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Խորանաշատ 800» ուսումնասիրություն֊պատկերագրքի (հեղինակներ պ.գ.թ. Արտաշես Շահնազարյան, բ.գ.թ. Թամարա Մինասյան, Տ.Արամ քհն Միրզոյան, Հրաչյա Քարտաշյան, խմբագիր Վահե Թորոսյան) շնորհանդեսը։ Այն հրատարակվել է նաև անգլերեն (թարգմանիչներ Իրինա Օձնեցյան, Վարդուհի Գևորգյան, խմբագիր Նազենի Ղարիբյան) և ռուսերեն (թարգմանիչ Ամալյա Շահումյան, խմբագիր Օլգա Վարդազարյան) լեզուներով։ «Խորանաշատ 800» ուսումնասիրություն֊ պատկերագիրքը հրատարակվել է Անատոլի Սաղոյանի ընտանիքի մեկենասությամբ։
Գիտաժողովում ներկայացվեցին հետևյալ զեկուցումները.
1.Արտաշես Շահնազարյան (Պատմության ինստիտուտ), Վանականն ու Խորանաշատի վարդապետարանը:
2.Գևորգ Տեր-Վարդանյան (Մաշտոցյան Մատենադարան), Վանական վարդապետի մատենագրական ժառանգությունը:
3.Հրաչյա Քարտաշյան, Խորանաշատի ճարտարապետական համալիրը (զեկուցող`Վահագն Քարտաշյան):
4.Թամարա Մինասյան (Մաշտոցյան Մատենադարան), Խորանաշատի ձեռագրական ժառանգություն:
5.Վահե Թորոսյան (Մաշտոցյան Մատենադարան, Պատմության ինստիտուտ), Հայ-լատին եկեղեցական հարաբերությունները 13-րդ դարի կեսերին և Վանական վարդապետը:
6.Տեր Արամ քահանա Միրզոյան (Բերդի տարաշրջանի հոգևոր հովիվ), Վանական վարդապետի սրբադասման հարցը: