2018 թ. նոյեմբերի 10-11-ին Մոսկվայում՝ տաճարական համալիրում, տեղի ունեցավ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Հայագիտական Կենտրոնի հրավիրած «Золотой V век армянской культуры. Достижения. Мировое значение» խորագրով միջազգային գիտաժողովը:
Հայաստանի Հանրապետությունից զեկուցմամբ հանդես եկավ 21 գիտաշխատող, որից 5-ը` ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտից, երեքական մասնակից Երևանի պետական համալսարանից և Մատենադարանից, երկուական մասնակից ԳԱԱ Պատմության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտներից և Լեյդենի համալսարանից, մեկական մասնակից ԳԱԱ Արևելագիտության,Գրականության, Արվեստի ինստիտուտներից, Գավառի համալսարանից և «Հայ գորգի» թանգարանից:
Զեկուցմամբ հանդես եկավ ռուսաստանաբնակ 5 հայ և 3 ռուս գիտաշխատող Մոսկվայից և Ս. Պետերբուրգից: Հեռակա կարգով մասնակցում էր 8 գիտաշխատող Հայաստանից և մեկը Պյատիգորսկի պետական համալսարանից:
Գիտաժողովին մասնակցեցին ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող Գոհար Վարդումյանը և բաժնի գիտաշխատող Կարեն Թոխաթյանը:
Կարեն Թոխաթյանը «Иконографические истоки армянского алфавита» զեկուցումով հանդես եկավ լիագումար նիստում: Հայոց ժայռապատկերային ժառանգության հիմամբ ներկայացվեցին նախամաշտոցյան հայ գրի գոյության ու մեսրոպյան տառաձևերի տեսքի խնդիրները: Զեկուցումն արված էր ընդարձակ տեքստային ու պատկերային նյութով: Տրված առանցքային հարցերը բավարար բացատրություն ստացան:
Գ. Վարդումյանը «Народное христианство в праздничной жизни армян» ռուսերեն զեկուցումով հանդես եկավ «Армения V века в перспективе эпох» մասնաճյուղում: Նրա ներկայացրած ընդարձակ զեկուցումը և հարակից հարուստ պատկերային նյութը առաջ բերեց քրիստոնեության նորօրյա դրսևորումներին և տոնակարգին առնչվող մի շարք ուշագրավ հարցեր, որոնց տրվեց հիմնավոր բացատրություններ:
Գիտաժողովի ավարտին հրաշալի ելույթներ ունեցան Մոսկվայի երգի ու պարի մանկական խմբերի սաները: Ս. Հարություն եկեղեցում Ս. Պատարագից հետո գիտաժողովի մասնակիցները հանդիպեցին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Գիտաժողովի մասնակիցների համար կազմակերպվեց այցելություն նորաբաց հայկական գիմնազիա և շրջագայություն Մոսկվայի հայկական վայրերով:
Գիտաժողովն ընթացավ թեմի առաջնորդ արքեպ. Եզրաս Ներսիսյանի աջակցությամբ և գործուն մասնակցությամբ, ջերմ ու գիտական մթնոլորտում: