Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ԳՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ «ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ԲԱԺՆՈՒՄ

Մարտի 11-ին Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության» բաժնում տեղի ունեցավ բաժնի աշխատակից, երջանկահիշատակ Ռուզան Գագիկի Սարգսյանի՝ օրերս լույս տեսած «Թիֆլիսում հայոց բարեգործության պատմությունից (19-րդ դարի երկրորդ կես)» ռուսերեն աշխատության շնորհանդեսը։ Ներկա էին Պատմության ինստիտուտի աշխատակիցներ և Ռուզան Սարգսյանի հարազատներն ու ընկերները։

    

ԳՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ «ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ԲԱԺՆՈՒՄ

Մարտի 11-ին Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության» բաժնում տեղի ունեցավ բաժնի աշխատակից, երջանկահիշատակ Ռուզան Գագիկի Սարգսյանի՝ օրերս լույս տեսած «Թիֆլիսում հայոց բարեգործության պատմությունից (19-րդ դարի երկրորդ կես)» ռուսերեն աշխատության շնորհանդեսը։ Ներկա էին Պատմության ինստիտուտի աշխատակիցներ և Ռուզան Սարգսյանի հարազատներն ու ընկերները։

    

Պատմական գիտությունների թեկնածու Ռուզան Սարգսյանը (1959–2014) 1981 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության բաժինը։ Որոշ ժամանակ Հայկական հանրագիտարանում աշխատելուց հետո նրա ողջ աշխատանքային գործունեությունը կապվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ՝ ի սկզբանե գիտական հետազոտությունների առարկա ունենալով հայ Սփյուռքը։ Նրա առաջին մանրամասն գիտական ուսումնասիրությունը նվիրված էր Լիբանանի հայ համայնքի դպրոցներին։ Սարգսյանը հավաքել, մշակել և  համակարգել է ինքնատիպ եւ մեծաքանակ փաստական նյութ, որը դարձավ 1991-ին հաջողությամբ պաշտպանած նրա «Լիբանանի հայ համայնքի դպրոցները (1920–1980 թթ.)» ատենախոսության հիմքը։ Նույն թուականին այն հրատարակվեց առանձին գրքով։

Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցողները՝ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, բաժնի վարիչ պ.գ.դ., պրոֆ. Գևորգ Ստեփանյանը, պ.գ.թ. Սեդա Մուրադյանը, բ.գ.թ. Արծվի Բախչինյանը, գիտաշխատող Էլիզաբեթ Թաջիրյանը իրենց ելույթներում արժևորեցին Ռուզան Սարգսյանի աշխատությունը: Անդրադարձան նաև նկարագրին՝ որպես գիտաշխատողի և մարդու, հիշատակեցին այն գիտական և արվեստի մթնոլորտը, որտեղ հասակ է առել և ձևավորվել նրա անհատականությունը՝ շնորհիվ ծնողների՝ ականավոր արևելագետ, ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի և երաժշտագետ Կարինե Խուդաբաշյանի։ Ելույթ ունեցողները նշեցին նաև, որ լինելով դիվանագետի կին եւ ուղեկցելով ամուսնուն գործողումների ժամանակ՝ Ռուզան Սարգսյանը Մոսկվայում, Ալմաթըում, Թբիլիսիում և Վարշավայում անխոնջ կերպով հավաքել է նյութեր տեղի հայ համայնքների վերաբերյալ, հրատարակել հոդվածաշար այդ երկրների հայ համայնքների դպրոցների, բարեգործական և ազգային հանրային կազմակերպությունների վերաբերյալ։

Ռուզան Սարգսյանի «Թիֆլիսում հայոց բարեգործության պատմությունից (19-րդ դարի երկրորդ կես)» աշխատության հետմահու հրատարակությունը հայերեն և ռուսերեն աղբյուրների հիման վրա լույս է սփռում 19-րդ դարի թիֆլիսահայ հանրային կյանքի բնորոշ կողմերից մեկի  բարեգործության վրա, ցույց տալիս հայ անհատների և կազմակերպությունների նշանակալից դերը հայերի և այլ ժողովուրդների միջավայրերում։ Ելույթ ունեցողները նշեցին, որ գրված լինելով ռուսերեն՝ այն անհրաժեշտ է տարածել նաև Հայաստանից դուրս, առաջին հերթին՝ Վրաստանում, որտեղ միտում է նկատվում անտեսել Թիֆլիսի պատմության մեջ հայերի ունեցած կարևոր դերակատարությունը։