Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը:
Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանը, ՀՀ ԳԱԱ պատմությա ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:
Շնորհավորելով մատենաշարի լույսընծայման առթիվ՝ Ա. Մելքոնյանը նշեց, որ այս շնորհանդեսը իր տեսակի մեջ եզակի և յուրօրինակ իրադարձություն է: «Այսօր մեր սեղանին են ծանրակշիռ գիտական աշխատություններ»,- նշեց Մելքոնյանը: Յուրաքանչյուր հատոր ներառում է Կիլիկիայի և Արևմտյան Հայաստանի այս կամ այն գավառի աշխարհագրությունը, պատմությունը, բանահյուսությունը, ազգագրությունը, կենցաղը, պատմությունն իր ամբողջության մեջ, ասաց Մելքոնյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալական խոսք ուղղեց մատենաշարի մեկենասերների, առաջին հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, Խաչիկ Դեդեյանի, Ժիրայր Դանիելյանի հասցեին: «Առաջին հատորի հրատարակության լույսընծայման առթիվ հարտորյակի առաջաբանում տեղ գտած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Հայրապեական օրհնության գիրքը լավագույնս արտահայտում է այսօրինակ ձեռնարկի նպատակներն ու կարևորությունը», նշեց նախարարը:
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանը իր խոսքում երախտագիտություն հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիային և Սփյուռքի նախարարությանը:
Ելույթներով հանդես եկան նաև Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն» հատորի տեղինակ պատմաբան Հակոբ Չոլաքյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Շնորհանդեսին ամփոփեց «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը՝ ներկաներին փոխանցելով Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի օրհնության խոսքը: «Մեր այս գործի շարժիչ ուժը եղել է հենց Վեհափառ Հայրապետը: Երբ նոր էինք սկսում մատենաշարը հրատարակել, նպատակ ունեինք հատորների թիվը հասցնել 60-ի, այժմ տպարանում է գտնվում մատենաշարի 15-րդ հատորը: Կա մարդուժի պակաս, սակայն ես վստահ եմ, որ հետագա սերունդները կշարունակեն մեր գործը», ասաց Դանիելյանը
Մինչ օրս հրատարակված 14 հատորներն են՝ «Ատանայի հայոց պատմութիւն», «Պատմութիւն Տարօնի աշխարհի», «Պատմութիւն Անթէպի հայոց Ա», «Պատմութիւն Անթէպի հայոց Բ», «Հաճընի ընդհանուր պատմութիւնը», «Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները», «Պատմագիրք Կիւրինի», «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն», «Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն», «Պատմութիւն հայ Կեսարիոյ Ա», «Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն Բ», «Պատմութիւն հայոց Արաբկիրի Ա», «Պատմութիւն հայոց Արաբկիրի», «Յիշատակարան Րումտիկինի» Մատենաշարի 50-օրինակ կուղարկվի Հայաստան, որոնք կտրամադրվեն Մատենադարին, ակադեմիական կենտրոններին, պատմաբաններին, բանասերներին: