Դեկտեմբերի 5-ին կայացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տարեկան հաշվետու ժողովը: Տնօրեն Ա. Մելքոնյանը ներկայացրեց ինստիտուտի 2022 թ. կատարած աշխատանքը: Նա նշեց, որ թեպետ տարեց-տարի նվազել է աշխատակիցների թիվը, սակայն աշխատանքի արդյունավետությունն աճել է: Տարեկան 220-ից ավելի հրապարակումներ ունենալու ավանդույթը պահպանվել է, ընդ որում մոտ 10 տարում օտար լեզուներով գիտական հրապարակումների թիվը 11 %-ից աճել է մինչև 32 %-ի: Կտրուկ աճել է նաև գիտական համագործակցությունը այլ երկրների ու հայաստանյան գիտաուսումնական հաստատությունների հետ: Ընթացիկ տարում տեղի ունեցած բազմաթիվ գիտաժողովների շարքում 3-ի կազմակերպիչներից է եղել ինստիտուտը, որոնք անցկացվել են ՌԴ տարբեր քաղաքներում: Ընթացիկ տարում համագործակցության պայմանագրեր են կնքվել Վրաստանի և ՌԴ 3 հաստատությունների հետ: 35 աշխատակիցներ համատեղությամբ աշխատում են հանրապետության 36 հաստատություններում: Ելույթ ունեցողները՝ փոխտնօրեն Կ. Խաչատրյանը, բաժնի վարիչներ Ա. Խառատյանը, Ռ. Սահակյանը, Գ. Վարդումյանը, Ա. Մարուքյանը, Գ. Ստեփանյանը, պ.գ.դ. Գ. Մախմուրյանը, Երիտասարդ պատմաբանների խորհրդի նախագահ Վ. Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ հայագիտության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յու Սուվարյանը բարձր գնահատեցին ինստիտուտի կատարած աշխատանքը: Սուր քննադատություն հնչեց հաճախակի շրջանառվող՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտները բուհերին միացնելու կառավարական նախագծի կապակցությամբ: