ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի արձագանքը Սմբատ Հովհաննիսյանի «Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ» բաժնի նկատառումների կապակցությամբ

Դասագրքի հեղինակ պ.գ.թ., դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի դիտարկումներին, նկատառումներին պատասխանելիս, հաճախ ոչ հիմնավոր փաստեր բերելով, առաջնորդվում է ժխտողական մոտեցմամբ:

Զարմանալիորեն, հեղինակն ակնհայտ մասնագիտական բացթողումները, թերացումներն ու սխալներն ամեն անգամ անվանում է վրիպակներ։ Սմբատ Հովհաննիսյանի պատասխաններն անհամոզիչ են ու խուսափողական: Հեղինակը դիտարկումներն անհարկի համարել է սուբյեկտիվ: Հնարավոր չէ, որ մի ամբողջ մասնագիտական բաժնի կարծիքը լինի սուբյեկտիվ, իսկ Սմբատ Հովհաննիսյանի, ի դեպ, ոչ Հայոց պատմության և դասագիրքն ընդգրկող պատմաշրջանների մասնագետի պատասխանը՝ օբյեկտիվ:

Սմբատ Հովհաննիսյանի անզիջում մոտեցումն ու համառությունը, ինչպես նաև մասնագիտական գնահատականների նկատմամբ անհամապատասխան արձագանքները հետագա բանավեճ-քննարկումներն անիմաստ են դարձնում:

Հետևաբար, վերահաստատում ենք՝ «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը պետք է հանվի շրջանառությունից:

 

ՀՀ ԳԱԱ Միջին դարերի պատմության բաժին

Ամենամյա հայագիտական գիտաժողով

2023 թ․ փետրվարի 16-ին Կալիֆորնիայի համալսարանում (Լոս Անջելես, UCLA) տեղի ունեցավ «21st Annual Graduate Student Colloquium in Armenian Studies» խորագրով ամենամյա հայագիտական գիտաժողով։  ՀՀ  ԳԱԱ պատմության ինստիտուտից այնտեղ զեկուցումով հանդես եկավ Անդրանիկ Եսայանը («Տավուշ գավառի 17-18-րդ դարերի ժողովրդագրական տեղաշարժերը»)։