Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը Բուխարեստում հանդիպումներ ունեցան Ռումինական Ակադեմիայի Հրվ.-արլ. Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն դոկտ. Անդրեյ Տիմոտինի, այնուհետև Նիկոլայե Յորգայի անվ. պատմության ինստիտուտի տնօրեն դոկտ. Օվիդիու Կրիստեայի հետ, քննարկելու համար գիտական համագործակցության հարցեր` ՀՀ ԳԱԱ-ի և Ռումինական Ակադեմիայի միջև 2013թ. ստորագրված Համաձայնագրի շրջանակներում: Աշխատանքային քննարկումների ընթացքում ուրվագծվեցին այն թեմաները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել համատեղ ուսումնասիրությունների համար, ինչպես նաև համագործակցության ձեւերը: Այդ կապակցությամբ երկուստեք կարևորվեց ռումինահայ հարուստ պատմամշակութային ժառանգությունը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները, ինչպես նաեւ գիտական այն արժեքավոր ժառանգությունը, որը թողել են ռումին ականավոր պատմաբան Նիկոլայե Յորգան, նրա մերձավոր գործակից, նշանավոր հայագետ եւ արեւելագետ Հակոբ Սիրունին: